38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գինն ու արժեքը

Գինն ու արժեքը
14.04.2024 | 13:10

Ամեն բան ունի արժեք: Անգամ, եթե դա ընդունելի թրենդի մեջ չէ, միևնույն է, այն արժեք ունի: Արժեքը ձևավորվում է տարբեր կերպ. մեկի մոտ՝ խիստ պայմանական, պատահական, երբեմն՝ անսպասելի: Մյուսների մոտ՝ աշխատանքով, եռանդով, զրկանքներով, ընտանիքի ջանքով ու միացյալ կամքով:

Ու, ըստ այդմ էլ, ձևավորվում է արժեքի գինը դրա կրողի ու միջավայրի համար:
Ամեն վարք նույնպես ունի որոշակի արժեքայնություն և գին: Երբ ասում ես, որ դու (քո հմտությունը, ծառայությունը, մասնագիտական գիտելիքը և այլն) ունես որոշակի գին, դա հաճախ բացառապես նյութական է ընկալվում, ինչը ենթադրում է, որ անձը, մեծ հաշվով, այլ սահմանափակիչ իր մեջ չունի, ավելի կարճ՝ «փողին մուննաթ» սկզբուքն է աշխատում:
Այլ դեպքերում, երբ ասում ես՝ «ես իմ գինն ունեմ», դա ունի ոչ այնքան կամ ոչ միայն նյութական բաղադրիչ, այլ՝ հատկապես արժեքային: Ձևավորվելով որպես մարդ, տղամարդ, մասնագետ՝ դու ինչ-որ կոնկրետ արժեքի կրող ես դառնում, ու կախված, թե ինչ արժեքների, ըստ դրա էլ որոշվում է քո գինը և արժեքը:
Ներկա իրականության մեջ եթե քո արժեքը սկզբունքայնության, օբյեկտիվության, ադեկվատության, պետականակենտրոնության, պահպանողականության և ազգայինի ներքո է, ապա քո գինն էլ է բարձր: Դու ճկուն չես:
Ու երբ ասում ես՝ իմ գինը բարձր է, էդ չի նշանակում, որ եթե քեզ տան վեցանիշ-յոթանիշ թիվ, դու կանես այն, ինչ այլ թվի պարագայում չէիր անի (գործողների ղեկավարը գիտի՝ հատկապես ես ինչ ի նկատի ունեմ): Հակառակը՝ դու հրաժարվում ես անել որևէ բան, եթե դա քո արժեքների դեմ է՝ անկախ գնից:
Սա պոպուլյար ու հաճախ ընկալելի մոտեցում էլ չէ մեր դարում, ու նման պահվածքով մարդիկ հաճախ չեն էլ ընկալվում, ավելի հաճախ նրանց պիտակավորում են, երբեմն պիտակը մարգինալիզացնում են, բայց դե այդ մարդիկ դժվար դրանից վհատվեն:
Իսկ կյանքը էնպիսին է, որ երբ բարդ կենցաղով ապրող ընտանիքդ, տարբեր կարևոր մարդիկ քո կյանքում քեզ աջակցում են, կյանքի կարմիր գծերը քեզ բացատրում, պայման ստեղծում, որ կրթություն ստանաս, հմտության կրող դառնաս, դու ձևավորվում, հետո էլ կայանում ես ճիշտ միջավայրում, քո արժեքն ու «գինն» իմանում, էդպես ապրում քաոտիկ արժեքների դարում:
Դու մտքով ու արյամբ ես զգում ու ընկալում արժեքի իմաստը ու թե հատկապես ինչպիսին չի կարելի լինել:
Էն, ինչ գրել եմ, աքսիոմ չէ շատերի համար: Շատերը, իրենց հիմնավորումներով, թքած ունեն նման թեզերի վրա:
Կյանքը ու պահվածքը անհատական ընտրության հարց է:
Ես ոչ դատավոր եմ ձեզ, ոչ էլ, առավել ևս, դատախազ, սակայն մի բան պետք է հստակ ֆիքսել՝ մարդիկ տարբեր են, էն, ինչը մեկը կանի մեծ ուրախությամբ, մյուսին անգամ առաջարկելն է մեծ խնդիր ստեղծելու:
Սոցիումի պարագայում, սակայն, անհատական ընտրությունը կարող է կործանարար լինել հավաքականի համար. սա ես ձեզ ասում եմ որպես սոցիալ-քաղաքական հետազոտող, քաղաքագետ (ի դեպ, վերջինը մասնագիտություն է, ոչ թե սոցցանցային կարգավիճակ կամ հարցազրուցային ինքնություն, և «ինչ-որ չափի» մասնագետ դառնալու համար կարդալ ու վելուծել կարողանալ է պետք. ցանցային հավանումները, էկզոտիկ ձևակերպումները, սեքսուալ դեմքի արտահայտությունը դրա հետ որևէ կապ չունեն):
Մեր խնդիրը արժեքային է:
Նիկոլն էլ է արժեքային ուռուցք, բայց նիկոլի արմատները մեր ազգային, սոցիալական, պատմական ինքնության մեջ են խրված, ուստի պետք է շիտակ լինել այսօր ու հենց այս պահին ինքներս մեզ հետ՝ մեր սկզբունքների, քայլերի, տեքստերի, պահվածքի մասով, քանի որ գոյության ճամփաբաժանին ենք, որպեսզի կարողանանք իրապես խնդիր լուծել, հակառակ դեպքում փոշի կդառնանք, կհայտնվենք չգոյության անապատում:
Մենք վաղուց կոմպրոմիսի գնալու արժեքների կրող ենք դարձել:
Մեզ արժեքների հեղափոխություն է պետք, որ պետք է սկսել յուրաքանչյուրից:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ